1928 թվականին ավարտել է Բելառուսական համալսարանը (Մինսկ)։ 1930-1944 թվականներին աշխատել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ֆիզիկայի տեխնիկական ինստիտուտում, 1944 թվականից՝ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիա ատոմային էներգիայի ինստիտուտում։ Հիմնական աշխատանքները վերաբերում են ատոմային և միջուկային ֆիզիկային։ Լև Արցիմովիչը Աբրահամ Ալիխանովի և Արտեմ Ալիխանյանի հետ ապացուցել է իմպուլսի պահպանման օրենքը էլեկտրոն-պոզիտրոն զույգի անիհիլացման ժամանակ (1936)։ Արցիմովիչ կարևոր աշխատանքներ ունի նաև էլեկտրոնային օպտիկայի բնագավառում։ Իզոտոպների բաժանման էլեկտրամագնիսական մեթոդը ԽՍՀՄ-ում առաջին անգամ մշակվել է Արցիմովիչի ղեկավարությամբ։ Աշխատակիցների հետ Արցիմովիչը հայտնաբերել է իմպուլսային լիցքաթափման կոշտ ճառագայթումը, առաջինը ստացել ջերմամիջուկային ռեակցիան կայուն քվազիստացիոնար պլազմայում։ Արժանացել է ԽՍՀՄ պետական (1953, 1971), լենինյան (1958) մրցանակների։ Պարգևատրվել է Լենինի չորս և երկու այլ շքանշաններով։ Արցիմովիչը ամերիկյան գիտությունների և արվեստի ակադեմիայի անդամ էր (1966)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 150)։